«Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 2-ին՝ փառատոնի բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հավաստմամբ` ապրիլ ամիսը շատ խիտ և հագեցած է մեծանուն երաժիշտների այցերով: Հատկանշական է, որ նրանք հենց ապրիլ ամսին են գալիս իրենց խոնարհումն ու հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Փառատոնի շրջանակում ապրիլի 27-ին, ժամը 19:30 -ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա հայկական արմատներով օպերային հանրահայտ, աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Ծրագրում՝ Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչինի և ՈՒմբերտո Ջիորդանո:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի համերգները անցկացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: